Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեր ազգի փրկությունն ու զորությունն ի վերուստ է Զորաց Տիրոջից

Մեր ազգի փրկությունն ու զորությունն ի վերուստ է Զորաց Տիրոջից
17.07.2009 | 00:00

ԱՐՑԱԽՅԱՆ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄՆԵՐ
Այս վկայությունները գրվում են մեկ նպատակով, որպեսզի հայ ժողովուրդը հիշի և վերստին զորանա, քանզի նոր պայքարի դրոշ է բարձրացվում ազգի հավատարիմների ու արդարների արյան գնով ազատագրված տարածքների պահպանման համար։ Եվ թող անցած, բայց չմոռացված տարիների հրաշալի դեպքերը, որտեղ մեր Տիրոջ Ամենակարող Աջի զորությունն է օգնության հասել մեզ, նորից արթնացնի մեր հոգիները, որպեսզի չընկճվենք գալիք դժվարությունների ու փորձությունների առաջ, այլ աղոթքով ու մեր հաղթանակած սրբերի բարեխոսությամբ մեզ հերթական հաղթական հրաշապատումների արժանացնի։
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
«Արցախյան ազատամարտի դժնի տարիներն էին։ Տխուր ու հուսահատ լուրեր էին անընդհատ գալիս ռազմի դաշտից, իսկ արդյունքում` որբացած երեխաներ, այրիացած կանայք ու թշվառացած ընտանիքներ։ Թվում էր, թե այդ պատերազմը վերջ չի ունենալու։
Շուշիի ազատագրումից մեկ շաբաթ առաջ Հրազդան քաղաքում պատերազմի հերթական զոհերի հուղարկավորությունն էր. տխուր էր, անչափ տխուր այս ամենը։ Աստված էի կանչում զօր ու գիշեր, որ խնայի ազգիս այրերին, որոնց թիվն օր օրի նվազում էր։
Մի գիշեր երազ տեսա, որն անչափ ուրախացրեց ու հուսադրեց ինձ։ Ես մթության մեջ կանգնած էի և թախանձագին Տիրոջն էի կանչում։ Հանկարծ այդ պահին մի փոքր, շա՜տ փոքր՝ ասեղի ծայրի չափ լույս առկայծեց երկնքում, և այդ լույսն իր առանցքի շուրջը պտտվելով, պտտվելով, իմ աչքի առաջ մի հեքիաթային տեսարան բացեց. նախ երևաց եկեղեցու մի սրածայր գմբեթ, բայց առանց Խաչի։ Այնուհետև երևաց եկեղեցին ամբողջությամբ։ Ամեն ինչ լուսավոր էր, շուրջբոլորը լույսի ամպեր էին։ Բայց անսպասելիորեն այդ ամենն ընկղմվեց խավարի մեջ, ու շուրջ բոլորն անթափանց խավարով պատեց։ Ես նեղսրտած աղաղակում էի ու Աստծուն կանչում, որ լույս տա։ ՈՒ նորից կրկնվեց նույնը. ասեղի անցքի չափ լույսը սկսեց պտտվել-պտտվել, ու կրկին երևաց առանց Խաչի եկեղեցին։ Եկեղեցին ու իր շրջակայքը լուսավորվեցին, սակայն երկինքը խավարի մեջ էր։ Հանկարծ այդ խավարամած երկնքում Խաչի տեսքով մի լույս տեսա, ու այդ խաչանման լույսը սկսեց դանդաղորեն իջնել ներքև, ապա վերափոխվելով ճերմակազգեստ երիտասարդ տղամարդու, կանգնեց եկեղեցու գմբեթի վրա, որտեղ սովորաբար Խաչն է լինում։ Այդ տղամարդը գեղեցիկ էր ու շագանակագույն մազերով։ Նա ինձ նայելով ասաց, որ եկել է իմ խնդրանքը կատարելու, քանի որ լսել է իմ աղերսն ու փրկելու է մեր ազգը և ջահելների կյանքը։ Այդ պահին նոր ըմբռնեցի, որ Հիսուսին եմ տեսնում և ձեռքերս վեր բարձրացրած վազեցի դեպի Նա։ Հիսուսը կանգնած տեղից Իր ծակված ձեռքերի միջից կայծականման լույս արձակեց, որն իմ աջ ձեռքի ցուցամատով մտավ իմ մեջ, ու ես մի անսովոր ու քաղցր ջերմություն զգացի իմ մեջ, որը մինչև սրտիս խորքերը հասավ։ Այդ զգացողությունով էլ քնից վեր թռա ու դեռ կիսարթուն շարունակում էի տեսնել լույսերի մեջ ողողված եկեղեցու գմբեթն ու վրան՝ մի գեղեցիկ Խաչ։ Այդ սքանչելի երազի մասին ուրախ-ուրախ պատմեցի ամուսնուս, ասելով, որ Հիսուսը եկել էր ազատագրելու հայերին ու փրկելու անդադար զոհվող մեր տղաներին։
Շուտով մեզ հասավ բաղձալի լուրը Շուշիի ազատագրման մասին։ Բոլորս ցնծում էինք, բայց քչերը գիտեին, որ այդ հաղթանակը Աստվածատուր էր՝ ի վերուստ շնորհված Հիսուս Քրիստոսի կողմից, ՈՒմ փա՜ռք հավիտյանս հավիտենից, ամեն»։
ԴԵՊՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
«2003 թվականն էր։ Ինձ զորակոչեցին բանակ և տարան Արցախ` Հադրութի կողմի դիրքերը։ Այդ տեղանքն ազերիների դեմ դիմաց էր, այդ պատճառով միշտ փորված խրամատներում էինք լինում, այլապես թշնամու դիպուկահարներն ուշի ուշով «որս» էին փնտրում։ Ես բարեպաշտ ծնողներիցս սովորել էի աղոթել ու միշտ առիթ էի փնտրում առանձնանալու և ծնկի գալով, խաչակնքելով աղոթում էի անփորձանք ծառայությանս ու այլ կարիքների համար։
Մի անգամ մեր դիտորդ տղաներից մեկն աղմուկ բարձրացրեց, որ ազերիներ են երևում առջևում։ Ես, որ արդեն խմբի ավագ էի նշանակվել, իսկույն, հեռադիտակը վերցնելով, մի հարմար տեղից սկսեցի նայել հակառակորդի դիրքերը և համոզվեցի, որ նման բան չկա և ամեն բան խաղաղ է։ ՈՒ այդ պահին, չգիտեմ ինչու, որոշեցի խրամատից դուրս գալ ու ավելի բարձր տեղից զննել տեղանքը։ Երբ ամբողջ հասակով մեկ կանգնած էի խրամատի եզրին, հանկարծ, որտեղից որտեղ, ինձ «որսաց» թշնամու սնայպերը և կրակեց։ Դա վայրկենական կատարվեց. իսկույն աճուկային մասումս սուր ծակոց զգացի։ Շտապ ինձ խրամատից ներս գցեցի, որ իմ հետևից գալով ուրիշներն էլ չվիրավորվեն։ Մի քանի քայլ անելուց հետո զգացի, որ՝ անդրավարտիքս տաքացավ ու թրջվեց, հասկացա, որ տաք արյունս է դուրս հորդում։ Գոռացի տղաներին. «Խփեցի՛ն ինձ, վիրավոր եմ»։ Իսկույն մի վիրակապ դրեցին ու հոսպիտալ տարան։
Դրանից մի քանի օր առաջ երազ էի տեսել. մեծ տատս (տատիս մայրը) եկավ ու ասաց. «Արի գնանք հետս, այստեղ շատ լավ է»։ Տատս, որ դեռ կենդանի էր, նրան հանդիմանեց. «Էս տղի հետ ի՞նչ գործ ունես, դեռ ջահել է, թող գնա ապրի», և ձեռքիցս քաշեց ու չթողեց գնամ։ Այդ հիշեցի հոսպիտալում, երբ վիրաբույժները փամփուշտի վերքն էին զննում ու զարմացած գլուխներն օրորում։ Հետո նրանցից ամենափորձառուն ասաց. «Այսքան վերքեր եմ տեսել, բայց նման դեպք առաջին անգամ եմ հանդիպում, որ փամփուշտը դեմից մտնի ու հետևից դուրս գա և ոչ մի կենսական օրգան չվնասի. նույնիսկ տղամարդկությունն է խնայել. երևում է կրակողը կինարմատ է եղել և ուզեցել է մի կրակոցով էս մեր տղին էլ կնիկ սարքել, բայց չի կարողացել»։ Այդ դեպքը պատահեց սուրբ Զատիկի Ճրագալույցին, երբ հայրս գնացել էր եկեղեցի ու պատարագին մասնակցելուց հետո մոմեր էր բերել հետը տուն և մեկն էլ իմ փոխարեն վառել։ Իսկ եկեղեցական ոչ մի արարողություն առանց Խաչի չի լինում»։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
Մի անգամ ծանոթներիցս մեկի հետ զրուցում էինք արցախյան պատերազմի ժամանակ Աստծո երկնային միջամտության մասին։ Նա էլ, որին ես արդեն վաղուց գիտեի, այս հրաշալի վկայությունը պատմեց, որն իր քսանամյա ազատամարտիկ որդու հետ էր պատահել։
«Նա ականազերծող էր։ Երբ առաջին անգամ անտառում հանդիպեցին պլաստիկ կորպուսով ականների, զարմացան, որ ազերիներն արդեն այդ նորագույն տեսակներից էլ են օգտագործում։ Երբ զինակիցների հետ զգուշորեն ուսումնասիրում էին ականի այդ նոր տեսակը, տղաներից մեկն անհամբերությամբ ու ականազերծողին ոչ հատուկ անզգուշությամբ ձեռքը դիպցրեց անտեսանելի և նուրբ թելերին, որից պայթյունաձգանն էր ամրացված։ Բոլորը հասկացան, որ պայթյունն անխուսափելի է, ու իրենք նահատակվելու են այդ մի անզգույշ շարժման պատճառով։ Վալիկոս (տղայիս անունը դրել եմ վրացահայ հայտնի երգչի անունով, որի երգերը շատ էի հավանում) ամբողջ մարմնով պառկում է ականի վրա ու միայն հասցնում է բղավել. «Փախե՛ք, տղերք...», ու հետևում է ուժգին պայթյունը, կտրելով դեռ նոր այս կյանքի համն առնող հոգու թելը (1993 թվական, հոկտեմբերի 29-ին. հիշատակ զինվորեալ ննջեցելոց օրհնեալ եղիցի), բայց այն հավատով, որ աշխարհի ոչ մի զորություն չի կարող կտրել այն հավիտենական Կյանքի թելը, որը խոստացված է Տիրոջից Իր հավատարիմ զավակների համար։ Իսկ որ Վալիկոն այդպիսին էր, ապացուցեց իր վերջին արարքը, որը շարունակությունն էր առ Աստված իր հավատի ու աղոթքների, քանզի զինակիցները վկայում էին, որ փոքրիկ Ավետարանը միշտ ձախ ծոցագրպանում էր պահում ու միշտ մարտի ընդմիջումներին, խրամատում նստած, կարդում էր։
Նա դեռ նոր էր զինվորագրվել ու դեռ վառոդի համը չառած, մի անգամ անզգուշորեն տեղից վեր է կենում և ամբողջ հասակով մեկ կանգնում խրամատից դուրս, այսինքն` թշնամու անպաշտպան թիրախ դառնում։ Խմբի հրամանատարը հագուստից բռնած իսկույն քաշում, խրամատի մեջ է գցում նրան ու բարկացած ասում. «Թե այս հարձակումից հետո կենդանի մնացիր, հետ, Երևան եմ ուղարկելու քեզ»։ Վալիկոն մի քանի րոպե սսկվելուց հետո, անսպասելի վեր է թռչում ու ավտոմատն առած, կրակահերթ տալով վազում քիչ հեռվում ծվարած ազերիների վրա։ Մեր տղաները նրա հանդգնությունից շշմած, ինքնաբերաբար իրենք էլ են դուրս թռչում խրամատից ու կրակելով նրան հետևում, ու վախից և անսպասելիությունից շշմած ազերիների գյուղը մտնում և գրավում այն։
Այդ քաջարի զինվորի մասին պատմում է նաև հետևյալ դիպվածը։ Վալիկոն չէր սիրում սուտն ու կեղծիքը և աշխատում էր այդպիսին մնալ ցանկացած պարագայում։
Մի անգամ հերթական գյուղը գրավելուց առաջ ջոկի հրամանատարը տղաներին հարցնում է, թե ով կարող է գնալ ու դիմացի տեղանքի գծագիրը բերել, որպեսզի տեսնեն, որ կողմից է հարմար գյուղը մտնել։ Վալիկոն, չնայած հոգնածությանը, իսկույն հոժարում է գնալ։ ՈՒ մի կարճ աղոթքից հետո խաչակնքելով ու զենքը վերցնելով` դուրս է գալիս խրամատից։
Թաքնվելով, տեղ-տեղ էլ սողեսող հասնելով թշնամու գյուղի մոտերքը, մանրամասն գծագրում է տեղանքը ու երբ ուզում է հետ դառնալ, տեսնում է մոտիկ այգիներից մեկում նռան ծառեր, վրան լիքը տռուզ նռներ կախված։ Իսկույն մտածում է, որ լավ կլիներ դրանցից մի քանի հատ տաներ, որ հոգնած ընկերներին հյուրասիրեր, որ վաղվա մարտից առաջ ուժ ունենային կռվելու։ Մտածելն ու իրագործելը մեկ է լինում, իսկույն ցանկապատից այն կողմ թռչելով քաղում է նռներն ու լցնում զինվորական համազգեստի ծոցը։ ՈՒ երբ լիքը բեռնավորված դուրս է գալիս, որ հետ գնա, հանկարծ դեմն են դուրս գալիս երեք ազերի ավտոմատավորներ։ Սրանք իսկույն զենքերը վեր են բարձրացնում ու հրամայում Վալիկոյին, որ զենքը վայր դնի։ Նա էլ իրեն չկորցնելով սառնասիրտ ինքնատիրապետումով զենքը դնում է ցած և իսկույն ձեռքը տանում ծոցը ու մի նուռ բռնելով` ռուսերեն ասում. «Տղերք, չնայած զենքս ցած դրի, բայց ինձ ոչ մի բան չեք կարող անել, քանի որ ծոցս լիքը գրանատներ են»։ Երբ ազերիները տեսնում են, թե այդ հայ զինվորն ինչ անվախ, վճռական ու համարձակ է կանգնած իրենց երեքի առաջ, հավատում են նրա խոսքերին, քանի որ բավական էր «գրանատը» բացեր, բոլորը միասին հօդս էին ցնդելու։ Մի քանի վայրկյան մտորելուց հետո ազերիներից մեկն ասում է. «Լա՜վ, ոչ մենք ենք քեզ տեսել, ոչ դու մեզ, զենքդ առ ու սուսուփուս գնա»։ Վալիկոն էլ ձեռքը ծոցում նուռը բռնած, դանդաղ կռանալով բարձրացնում է զենքը ու հետ-հետ գնալով ծածկվում է մոտակա բլուրի հետևում ու շուտով մեր խրամատները հասնում։ Եվ այսպես հերթական ճշմարտությունը փրկում է Տիրոջը հավատարիմի կյանքը, որովհետև մենք գիտենք, որ ռուսերենով նուռը նաև նռնակ է թարգմանվում։ Իսկ Աստծո խոսքը հավաստում է. «Ճշմարտությունը ձեզ կզրահապատի» (Սաղմոս 91)։
Այս վկայություններն էլի շարունակություն ունեն, որոնք հետո կկարդաք, բայց և դարձյալ շարունակություն կունենան, քանի դեռ կա կենդանի հավատքն առ Կենդանի Աստված, ու քանի դեռ այդ նախնյաց հողի վրա դեռ աչք տնկողներ կան, ովքեր էլ լինեն նրանք, աշխարհի հզորներ, թե՞... քանզի մեր ազգի փրկությունն ու զորությունն ի վերուստ է Զորաց Տիրոջից։
Հավաքեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2281

Մեկնաբանություններ